Թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու ՎԱՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆԻ հետ զրուցել ենք թարգմանական գրականության և հարակից թեմաների մասին։ Զրույցը հեռավար էր՝ Հայաստանից Գերմանիա։ Վանուհին սովորել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում։ Որպես ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի ասպիրանտ՝ 2017-ին սովորել և գիտական հետազոտություն կատարել Բելգիայում՝ Լյուվեն-լա-Նյովի, Բրյուսելի համալսարաններում։ 2018-ին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Արդեն մեկ տարի է հետթեկնածուական հետազոտություն է կատարում Գերմանիայում՝ Քյոլնի համալսարանում՝ հաճախելով գերմաներենի՝ միջազգային հետազոտողների համար նախատեսված դասընթացին։ Որպես թարգմանիչ՝ սկսել է աշխատել 2017-ին՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության առաջարկով և ցայսօր թարգմանել գերմանացի նշանավոր գրող Էրիխ Մարիա Ռեմարկից հինգ վեպ։
-Բավականին երիտասարդ տարիքում հանձն եք արել մեծածավալ գրքերի թարգմանություն, համագործակցում եք մի շարք հրատարակիչների հետ։ Ի՞նչ է ենթադրում այդ համագործակցությունը, ի՞նչն եք կարևորում համատեղ աշխատանքում։
-Համագործակցությունն ինձ համար, անկախ նրանից՝ ում հետ է, պարտադիր ենթադրում է փոխադարձ վստահություն, երկուստեք խիստ կարգապահություն և մեծ պատասխանատվություն։ Այս հատկանիշները, որ մեր իրականության մեջ, ցավոք, հազվադեպ են ու, ըստ այդմ, արժեքներ են դարձել, տարիք չգիտեն, հետևաբար, եթե ունես դրանք, նույնն էլ տվյալ դեպքում հրատարակչից ես ակնկալում, ու համագործակցությունը հաջողվում է, եթե երկուստեք այդ հատկանիշների կրողն եք։ Հայաստանում, ցավոք, վստահելի, կարգապահ և պատասխանատու հրատարակիչները և գործատուներն ընդհանրապես, խիստ սակավ են, և հաճախ ես ստիպված լինում մատնացույց անել քո իրավունքների մեկնակետը՝ հղումներ անելով աշխատանքային օրենսգրքին։
-Ասում են՝ թարգմանիչը համահեղինակ է։ Համամի՞տ եք, շատ պարտավորեցնող բանաձևում չէ՞։
-Թարգմանիչ լինելն ինքնին գերպարտավորեցնող կոչում է՝ հավելյալ պարտավորեցումների կարիք չունեցող։ Թարգմանիչը կապող օղակ է հեղինակի և ընթերցողի միջև, հետևաբար կրկնակի պարտավորված՝ հեղինակին՝ նրա ոճը չխաթարելով, ընթերցողին՝ նույնը այլ բառերով, հասկանալի փոխանցելով։ Ես չեմ կարող Ռեմարկի համահեղինակը լինել, որովհետև ես չեմ տեսել ու զգացել այն, ինչ նա է տեսել ու զգացել ռազմաճակատում, փախստականի կարգավիճակում, բայց որպես նրա թարգմանիչ՝ պարտավոր եմ ինքս գրելու ձիրք ունենալ, որպեսզի հասկացածս ու զգացածս կարողանամ փոխանցել հայ ընթերցողին։
-Թարգմանչի համար հավասարապես կարևոր են և՛ օտար լեզվի իմացությունը, և՛ հայերենի։ Կա կարծիք, որ նոր սերնդի թարգմանիչները լավ չեն տիրապետում անգամ հայերենին։ Ինքներդ ի՞նչ բացթողումներ, խնդիրներ եք նկատում թարգմանական դաշտում։
-Թարգմանչի համար, շեշտեմ, առաջնահերթ նշանակություն ունի մայրենի լեզվի գերազանց իմացությունը, հետո միայն օտար լեզվինը։ Մենք այսօր շատ թարգմանիչներ ունենք, ընդ որում, ոչ միայն նոր սերնդի, որ հայերեն քերականորեն ճիշտ նախադասություն կազմել չգիտեն և կարծում են՝ բառերը թարգմանելով, իրար գլխի լցնելով՝ թարգմանիչ են, մինչդեռ նրանց պարտականություններն ի վերջո կատարում են խմբագիրները։ Թարգմանությունը, ինչպես ՈՒգ Էկոն է բնորոշում, ոչ թե բառն է բառի դիմաց, այլ իմաստը՝ իմաստի։ Եվ միայն մեր իրականության մեջ զավեշտալի, տգիտության ձգտող մի պատկերացում կա թարգմանչության մասին, որն է՝ եթե, դիցուք, գերմաներենից թարգմանություն ես կատարում, պետք է ԵՊՀ ռոմանագերմանականն ավարտած լինես։ Ո՛չ, երիցս ո՛չ, օտար լեզվից թարգմանություն կատարելու համար պարտավոր ես, նախ, մայրենի լեզվիդ լիարժեք տիրապետել։ Այս մասին բազմաթիվ տեսություններ և դրանց վրա հիմնված դասընթացներ գոյություն ունեն, որոնցից մեկին ինքս եմ մասնակցել Բելգիայում։ Թարգմանության դաշտի գլխավոր թերությունը Հայաստանում մասնագետների պատրաստման հնարավորության բացակայությունն է, նրանց այնպիսի դասընթացներով ապահովելը, որոնց շնորհիվ թարգմանիչն ամուր կկանգնի ոտքերի վրա։
-Գրքերը թարգմանելիս հաշվի եք առնում հրատարակչի՞ առաջարկը, թե՞ ինքներդ եք առաջարկում այս կամ այն հեղինակին։
-Ռեմարկի վեպերի թարգմանությունն «Էդիթ Պրինտն» առաջարկեց, ու դեռ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու, որովհետև ի սկզբանե պայմանավորվել ենք Ռեմարկից 11 վեպ թարգմանել, իսկ Լոիզ Ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» գրքի թարգմանությունը ես եմ առաջարկել «Դարակին»։
-Հնարավո՞ր է հետագայում հանձն առնեք հայերենից գերմաներեն թարգմանություններ անել։
-Սովորաբար ես ոչինչ չեմ բացառում։ Ինձ համար մեծագույն պատիվ և հաճույք կլինի հայ դասականներին գերմաներեն թարգմանելը։ Մնում է՝ այդ գաղափարը որպես նպատակ ձևակերպել և հաստատուն քայլերով ընդառաջ գնալ դրան։
-Ըստ Ձեզ՝ հայ գրականությունը (ժամանակակից կամ դասական) կարո՞ղ է հետաքրքրել գերմանացի ընթերցողին։
-Վերջին երկու-երեք տարիներին աշխուժություն կա հայ ժամանակակից գրականության գերմաներեն թարգմանության դաշտում։ Մենք հրաշալի արձակ ունենք՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից, որն իրավամբ արժանի է միջազգային հարթակ դուրս գալու, Հայաստանը ներկայացնելու։
-Ի՞նչ գիտեն Հայաստանի մասին Գերմանիայում, դատելով մասնավոր զրույցներից, կամ ի՞նչ չգիտեն։
-Մեզ միշտ թվում է՝ աշխարհի կենտրոնում ենք, բոլորը գիտեն մեզ մեր պատմությամբ, մշակույթով, սփյուռքով, սակայն, որքան էլ տխուր փաստ է, ստիպված եմ արձանագրել, որ Գերմանիայում Հայաստանի մասին գրեթե ոչինչ չգիտեն։ Խոսքս չի վերաբերում, անշուշտ, իմ ամենօրյա գործունեության շրջանակին, որտեղ դասախոսներ են, տարբեր հետազոտողներ։ Գործընկերս, որի հետ գրաբար-գերմաներեն դարձվածաբանական բառարան ենք գրում, Օքսֆորդի համալսարանում սովորել է գրաբար և մեր պատմիչների գործերին նույնիսկ ավելի քաջատեղյակ է, քան ես։ Հատկանշական ու խանդավառող է, անշուշտ, որ Ագաթանգեղոսից սկսյալ՝ մեր գրեթե բոլոր պատմիչների գործերը թարգմանված են գերմաներեն։
-Պատահե՞լ է, որ մտնեք գրախանութ և հայ գրողի գիրք տեսնեք։
-Ո՛չ, չի եղել նման դեպք։
-Ընթերցասե՞ր են գերմանացիները։
-Նախանձելի ընթերցասեր են։ Ամեն քայլափոխի կարդում են՝ կանգառում, գնացքում, զբոսայգում, անգամ քայլելիս։ Համալսարանի վիթխարի ընթերցասրահներում ժամերով հերթ ես կանգնում՝ տեղ զբաղեցնելու համար։ Քյոլնի անծայրածիր, եռահարկ-քառահարկ գրախանութներն իսկական երազանք են ընթերցասերների համար։
-Իսկ հայերի՞ մասին ինչ կասեք։
-Հայերս նույնպես կարդացող ենք, իհարկե ոչ այնքան, որքան գերմանացիները։ Մենք հիմնականում կարդում ենք այն, ինչ «նորաձև» է՝ անկախ նրանից՝ լա՞վ գիրք է, թե՞ ոչ։
-Կա՞ն գրքեր, որ մտածում եք՝ պետք է անպայման հայ ընթերցողին թարգմանաբար հասցնեք։
-Այո՛։ Կան գերմանական անգերազանցելի քրեավեպեր, որոնք անպայման թարգմանելու եմ։
-Համավարակը աշխարհում դեռ հետքայլ չի անում։ Ինչպիսի՞ն է իրավիճակը Գերմանիայում։ Ի՞նչ տպավորություն ունեք կառավարության գործելաոճի, հասարակակական տրամադրությունների մասին։
-Համակարծիք չեմ, թե հետքայլ չկա, ավելին՝ աշխարհը գրեթե հաղթահարել է համավարակը։ Գերմանիայում այն միանգամից բռնկվեց՝ մեծ թվով վարակվածներով ու մահերով։ Այս պահին անհամեմատ լավ վիճակ է։ Ես ուղղակի հիացած եմ թագավարակի դեմ պայքարի կազմակերպվածությամբ թե՛ բժշկական, թե՛ լրատվական, թե՛ սոցիալական դաշտերում։ Ապատեղեկատվությունից և հավելյալ խուճապից խուսափելու համար ի սկզբանե հորդորեցին հետևել միայն այսինչ ինստիտուտի տեղեկատվությանը։ Սահմանվեց տուգանք փակ տարածքում դիմակ չկրելու համար, որ գործում է մինչ օրս, բաց տարածքներում, ի դեպ, երբեք դիմակ չենք կրել։ Մարդիկ անտրտունջ կրում են դիմակները, պահպանում սոցիալական հեռավորություն, որը նորություն չէ Գերմանիայի համար։ Պետություն-քաղաքացի (բնակիչ) փոխադարձ վստահության և հարգանքի շնորհիվ Գերմանիան կարողացավ վերահսկողության տակ առնել իրավիճակը։ Գերմանացին նույնպես տարբեր հարցերում դժգոհ է կառավարությունից, բայց երբեք իրեն թույլ չի տա չհարգել երկրի ղեկավարին, երկրի իշխանությանն ընդհանրապես։ Եթե անկեղծ՝ նախանձում եմ այդ ազգի, առաջին հերթին ներքին կարգապահությանն ու դաստիարակությանը։
-Իսկ մշակույթի ու մշակութային գործիչների հանդեպ վերաբերմունքի մասին ի՞նչ կասեք։
-Հարգում ու գնահատում են, եթե նույնիսկ մեկի գործունեությունը խորթ կամ անընդունելի է իրենց համար։
-Մեծ հաշվով՝ ի՞նչն է պակասում Հայաստանում, և ինչի՞ պակասն եք զգում Գերմանիայում։
-Հայաստանում պակասում է հեռանկարը երիտասարդ գիտնականների համար, հարգանքը միմյանց հանդեպ, հատկապես տարեցների՝ երիտասարդների նկատմամբ, ինչպես նաև երանելի սոցիալական հեռավորությունը ոչ միայն թագավարակի օրերին, այլև միշտ։ Գերմանիայում զգում եմ մեր երկրի արևի ու մարդկային ջերմության պակասը։
-Ծրագրերի մասին։
-Նախատեսում եմ շուտով գրաբար-գերմաներեն դարձվածաբանական բառարան լույս ընծայել, ընթերցողի սեղանին դնել Լոիզ Ֆիշեր-Ռուգեի՝ 1988-ի երկրաշարժի մասին պատմող «Իմ հայ երեխաները» գրքի թարգմանությունը, սկսել Ռեմարկի «Լիսաբոնի գիշերը» վեպի թարգմանությունը։ Այս տարվա հոկտեմբերին վերադառնալու եմ Հայաստան՝ տպագրության պատրաստելու «Գրաբարի դարձվածաբանական բառարանը», որպես հավելում Ռ. Ղազարյանի «Գրաբարի դարձվածաբանական բառարանի», գիտական նոր հետազոտությունների համար, սակայն, վերադառնալու եմ Գերմանիա։ Հայաստանը, ցավոք, գիտությամբ զբաղվելու հնարավորություն չի ընձեռում։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ